Լրահոս

13.02.2012 22:37


Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ Բելառուսում

Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ Բելառուսում

  Փետրվարի 8-12-ը Բելառուսի «БЕЛЭКСПО» ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ և այլ տպագիր նյութեր:

Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:

Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող «Անիվ» հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ: Կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ, ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր և գործնական պայմանավորվածություններ:

Հայ համայնքին ներկայացվել է նաև «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:

Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստումը, ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների և տեքստերի տպագրությունը, ինչպես նաև հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

 

Տեղեկանք: Նկատի ունենալով, որ այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը, ինչպես նաև այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, Հայաստանի տաղավարին տրված էր «կենտրոնական ցուցորդի» կարգավիճակ, ինչը հնարավորություն տվեց լավագույնս ներկայացնել հայ գրատպության անցյալն ու ներկան: Նշենք, որ «կենտրոնական ցուցորդի» կարգավիճակը ցուցահանդեսի կազմակերպիչները կիրառել են առաջին անգամ:   

Այս խորագրի վերջին նյութերը